Զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջապես վերջ կտրվի հավաստի աղբյուրները վկայակոչելուն ու «Բարսելոնի» զարմանահրաշ նախկին մարզչին համաշխարհային ֆուտբոլի այս կամ այն գրանդ ակումբի ղեկակալ նշանակելու անվերջ հավաստվող ու հերքվող տեղեկություններին: Իր հերթին Գվարդիոլան այսուհետ պարտադրված կլինի հրաժարվելու արձակուրդն անորոշ ժամանակով շարունակելուց, քանզի, նոր մրցաշրջանից սկսած, ամբողջ երեք տարով «ամուսնացել» է բունդեսլիգայի ամենահարուստ ու հանրահայտ «հարսնացուի»` «Բավարիայի» հետ:
ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՆԽԱՎԱՅԵԼՔԸ
«Մենք խիստ գոհ ենք, որ ձեռք բերեցինք մարզչի, ում ունենալուն հավակնում էին Եվրոպայի շատ գրանդ ակումբներ,- սրանք «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքերն են, որոնք նա հնչեցրեց այս չորեքշաբթի` պաշտոնապես ազդարարելով իսպանացի մասնագետի այնքան սպասված նշանակման մասին:- Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և նրա «Բավարիա» տեղափոխվելը ոչ միայն մեր, այլև ողջ գերմանական ֆուտբոլի հաջողությունն է: Մենք նրա հետ աշխատելու կանխավայելքի մեջ ենք»:
Այսքանը` խնդրի փաստական, զգայական, ինֆորմատիվ կողմերի մասին:
Արդ` «Բավարիայի» ու Գվարդիոլայի մասին, որքան էլ ընթերցողը երկուսից էլ առավելագույնս տեղեկացված է:
ՀԱՅՆԿԵՍՅԱՆ ՀՈՒՅՍԻ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ
«Բավարիայի» ներկայիս գլխավորի` վաթսունյոթամյա Յուպ Հայնկեսի աշխատանքային երկամյա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Բազմափորձ այս մասնագետը, հիշենք, 2012-ին կես քայլ հեռավորության վրա մնաց Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու բաղձալի իրականությունից: Լինելով դիմակայության ակնհայտ ֆավորիտը` «Բավարիան» Վիլաշ-Բոյաշի «հրաժարեցումից» հետո առաջին պլան մղված Մատեոյի գլխավորած «Չելսիին» զիջեց եզրափակիչում` պարտվելով տասնմեկմետրանոցներով:
Որքան էլ հետխաղյա «կրակոցներով» ավարտվող հանդիպումները որակվեն բախտի բան, միևնույն է, գերմանական ֆուտբոլի համար եղածը կատարյալ աղետ էր, խոշոր, թանձր մինուս` դրված Հայնկեսի անվան դիմաց: Իսկ եթե հաշվի առնենք և այն, որ այդ նույն 2012-ին ակումբը Դորտմունդի «Բորուսիային» երկրորդ տարին անընդմեջ զիջեց երկրի չեմպիոնությունը, տրամաբանորեն միանգամայն բնական կհամարվեր ու կդիտվեր Հայնկեսին թոշակի ուղարկելը: Սակայն, գերմանական կոշտության հետ հարևանության ոչ մի եզր չունեցող նրբանկատությամբ, մարզչին «ուղղվելու» հնարավորություն տրվեց:
Իհարկե, դեռ վաղ է խոսել եղածից Հայնկեսի քաղած դասերի մասին, քանի որ մրցաշրջանն ընթացքի մեջ է, սակայն փաստը մնում է փաստ, որ «Բավարիան» առայժմ հավասար հաջողությամբ մարտեր է մղում երեք հանգուցային ճակատում: Երկրի ներքին առաջնությունում նա գործնականում լուծել է չեմպիոնության խնդիրը (ինը միավորով առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող «Բայերից», տասներկու միավորով` Դորտմունդի «Բորուսիայից», և դժվար է հավատալ, որ այս ահռելի առավելությունը ձեռքից բաց կթողնի), դուրս է եկել Չեմպիոնների լիգայի play-off, որտեղ նրա մրցակիցը լինելու է անգլիական «Արսենալը»` այս պահի դրությամբ ունեցած ներուժով գերմանական կտրող, փշրող, ծամող մեքենայի համար միանգամայն հաղթահարելի պատառ, փետրվարի 27-ին երկրի գավաթի մեկ քառորդում հանդիպելու է գործող չեմպիոնի հետ:
Ասելով թե` երեքում էլ հաղթելն ապշեցուցիչ ցուցանիշ կլինի (նկատի ունենք ոչ թե կոնկրետ խաղերը, այլ մրցաշարերը), ոչինչ նորություն ասած չենք լինի, թեպետ դրանցից մեկնումեկում էլ հաջողության հասնելը վատ արդյունք չի կարելի համարել, որքան էլ խոսքը «Բավարիայի» նման հավակնոտ, հզոր ներուժ ունեցող թիմի մասին է:
Սակայն ի՞նչն է այստեղ հատկանշականը:
Հայնկեսը «Բավարիային» այս երեք տիտղոսից մեկի՞, երկուսի՞, թե՞ երեքի տեր կդարձնի, սկզբունքորեն լոկալ բնույթի խնդիր է, մարզչի համար ոչինչ չորոշող, քանի որ արդեն որոշված է` մրցաշրջանի ավարտից հետո նա հեռանալու է ու հեռանալու է շատ պարզ պատճառով. «Բավարիայում» եկել են գվարդիոլական ֆուտբոլի ժամանակները: Իհարկե, կարող եք դատավորի պատմուճան հագնել ու վերամբարձություն տեսնել նման բնութագրականի մեջ, բայց թողեք ձեզ խոնարհաբար դիմադարձել ու հայտնի կինոհերոսի պես ասել. «Դատավորը ես եմ, ու ես եմ քննում»: ՈՒ քանի որ այս պահի դրությամբ ընդդիմանալու, հակառակվելու որևէ ճար չունեք, բացի ամեն ինչ լռելյայն տանելու անզորությունից, ինձ թույլ տամ օգտվել առիթից ու ռետրոյով հայացք ձգեմ Գվարդիոլայի անցած ուղուն:
ԳՎԱՐԴԻՈԼԱ ՖԵՆՈՄԵՆԸ
Մարզիկ եղած տարիներին, իսկ նա կենտրոնական պաշտպան է խաղացել թե՛ «Բարսելոնում», թե՛ Իսպանիայի ազգային ընտրանիում, Խոսեպ Գվարդիոլան դարձել է երկրի վեցակի չեմպիոն, 1992-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում, ազգային հավաքականի կազմում դարձել Բարսելոնի օլիմպիական խաղերի հաղթող: Երեսուն տարեկանում տեղափոխվել է Իտալիա, հանդես եկել «Ռոմայում» ու «Բրեշիայում» ու ֆուտբոլիստի կարիերան ավարտել Մեքսիկայում:
2007-ին սկսվել է նրա մարզչական գործնեությունը: Գլխավորել է «Բարսելոնի» երիտասարդական կազմը` թիմը դուրս բերելով իսպանական ֆուտբոլի երկրորդ էշելոն: Մեկ տարի անց, քանի որ Ֆրանկ Ռայկարդը թողել էր «Բարսելոնը», նրան է վստահվում ակումբի հիմնական կազմը, որին էլ հաջորդ չորս տարիների ընթացքում երեք անգամ անընդմեջ դարձնում է երկրի չեմպիոն` զուգահեռաբար 2009 ու 2011 թվականներին անգերազանց մնալով Չեմպիոնների լիգայում:
Որպեսզի ընթերցողին շատ չհոգնեցնենք ու չգնանք գվարդիոլական «Բարսելոնի» նվաճած բոլոր տիտղոսների հատիկ-հատիկ թվարկման ճանապարհով, հիշատակենք միայն մեկ թիվ ու բավարարվենք դրանով: Չորս սեզոնի ընթացքում «Բարսելոնը» նրա գլխավորությամբ հնարավոր տասնյոթ տիտղոսից նվաճել է տասնչորսը` միանգամայն օրինականորեն արժանանալով ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմի ոչ պաշտոնական տիտղոսին:
Անցած մրցաշրջանում, «Բարսելոնի» ունեցած հարաբերական ձախողումից հետո, Գվարդիոլան որոշեց դադար առնել` փոքր-ինչ հանգստանալու և ֆուտբոլի մասին ունեցած հայացքները վերանայելու համար: Այդ ընթացքում զանգվածային լրատվամիջոցները նրան ինչ թիմ ասես «չգործուղեցին», չնայած դրանցից ամենահավանական տարբերակ էր դիտարկվում Լոնդոնի «Արսենալը», որտեղ արդեն երկու տասնամյակ անմնացորդ տնօրինություն է անում Արսեն Վենգերը: Եվ ահա չորեքշաբթի Ռումենիգեի շուրթերով (անցյալի ֆուտբոլային առաջնակարգ աստղ) ազդարարվեց բոլոր այդ խոսակցությունների վերջը: Այսուհետ Գվարդիոլան գերմանական «Բավարիայի» հետ շղթայված կլինի երեք տարվա համագործակցության պայմանագրով:
Հավատալ, թե այս ընտրությունում գործոն է եղել խնդրի ֆինանսական կողմը, անպատշաճ միամտություն կլինի, որովհետև աշխարհում հաստատապես կան թիմեր, որոնք ունակ էին ու պատրաստ էին վճարելու Պեպի բերանից դուրս եկած ցանկացած թիվ (եթե աշխարհի երեսից վերացած լինեին մյուսները, գոնե ռուսական «Անժին» կար ու կա): Եվ այնուամենայնիվ, Գվարդիոլային ձեռք բերելու համառ պայքարում հաղթեց «Բավարիան»` թիմ, որն առանձնահատուկ է ու միաժամանակ, կարծես, այնքան էլ առանձնահատուկ չէ մի շարք պատճառներով: Անվիճելի է, որ նրանում կան հրաշալի ֆուտբոլիստներ, սակայն, այդուհանդերձ, նրանց աշխարհի ուժեղագույններ չես համարի: «Բավարիան» հարկավ հեղինակություն է ու լուրջ հեղինակություն է ֆուտբոլային աշխարհում, սակայն 2001-ից այս կողմ չի հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ սա, կներեք, չափանիշ է:
Արդ` կանի՞ այդ բանը «Բավարիան» այս մրցաշրջանում, թե՞ ոչ, դրանից Գվարդիոլայից գերմանացի երկրպագուի ունեցած սպասումները բնավ էլ չեն նվազի: Ակնհայտ է, որ նրանից սպասվում է առնվազն բարսելոնյան տարիների կրկնություն: Փաստորեն իր քառասուներկուսում Գվարդիոլան կանգնած է մի խնդրի առաջ, որը նա երեսունյոթ տարեկանում, ամենայն հավանականությամբ, չէր էլ երևակայում. այն ժամանակ նա դեռ պիտի անցներ ապագայում իրականության վերաճած փառահեղ ուղին, մինչդեռ այժմ վիճակն այլ է:
Ինչո՞վ:
Հենց թեկուզ նրանով, որ, թող վիրավորական չհնչի կատալոնյան ակումբի մյուս տղաների համար, «Բարսելոնն» ուներ Չավի-Ինիեստա-Մեսի երազային առանցք: Սրանից զատ խնդիրն այլ է և մշակութային առումով (լեզվի պարագան չմոռանաք` այն լեզվի, որը ոչ միայն սոսկական հաղորդակցության միջոց է, այլև մտածողություն է, փիլիսոփայություն է, հայեցակարգ է, արժեքային համակարգ է… ո՞ր մեկն ասեմ):
Բնական հարց է առաջանում` ի՞նչ է լինելու:
Մի կողմից մեր հույն բարեկամը սրանից երկու հազար տարի առաջ ասել է, որ նույն գետը երկու անգամ չես մտնի, մյուս կողմից էլ, նույնքան տարի այս կողմ, հայաստանյան ծագմամբ մի զիլ տղա նման քարացածությունները կոտրում էր «ղալաթ է արել» հակադարձումով, հարկ եղած դեպքում աշխարհի մեծամեծներին աշխարհի էս ծերից էն ծերն ուղարկող «քնքշագեղ» հիշոցներով ու, ոնց որ թե, ճիշտը մնում էր ինքը: Հիմա իսպանացի Գվարդիոլայի պարագայում հույնի իմաստությո՞ւնն է ճիշտ դուրս գալու, թե՞ հայի խենթ ռոմանտիկությունը, ցույց կտա ժամանակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ